Չափազանց հարուստ կլիներ համաշխարհային ֆուտբոլը, եթե ընտրության շատ ավելի լայն հնարավորություն ունենայինք` արքայական գավաթի եզրափակչին չանդրադառնալու համար: Սակայն, սրա հետ մեկտեղ, մադրիդյան երկու թիմերի` «Ռեալի» ու «Աթլետիկոյի» բախումն առանձնահատուկ էր նաև մեկ ուրիշ առումով` արքայական ակումբի պատմության մեջ սկզբունքորեն վերջակետ դրվեց մի էջի, որը բացվել էր սրանից երեք տարի առաջ: Խոսքս «Ռեալի» մոուրինյոյական ժամանակաշրջանի մասին է:
ԽԱՂԸ
Ֆուտբոլում էլ գոյություն ունի վիճակագրություն, սակայն այնպիսի, որին երբ էլ անդրադառնաս, թվերի նույն արտահայտությունը կտեսնես: Այստեղ այնպես չէ, որ, դիցուք, կարող ես հանդիպել հայաստանյան իրականությունից բոլորիս քաջ հայտնի թվանկարիչների անձեռակերտ գործերի: Այստեղ մեկը հաստատապես մեկ է, զրոն` նույնքան հաստատապես զրո բոլոր ժամանակների ու բոլոր կողմերի համար, ուստի վերահաշվարկի պահանջով Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն պարզապես չկա:
Մադրիդյան թիմերի դիմակայությունից առաջ ահա այս փաստագրումը հստակ վկայում էր, որ եզրափակչից առաջ վիճակագրությունը ոչնչով հօգուտ չէր Դիեգո Սիմեոնեի «Աթլետիկոյին», որը տասնչորս տարի շարունակ անզոր է եղել հաղթելու «Ռեալին»: Իհարկե, խաղի 2:1 հաշվով ավարտից հետո արգենտինացի մարզիչը կասի, որ իր թիմն արդեն դադարել է հզոր մրցակցից վախենալուց, ու ավելի քան ճիշտ կլինի, որովհետև իր թիմն է եղել այդ հանդիպման հաղթական ելքի հեղինակը, սակայն նա ճշմարտությանը նույնքան հավատարիմ կլինի նաև այն հավաստումով, որ մասամբ իր թիմին օգնեց բախտի գործոնը, թեպետ այս մասամբը չափազանց համեստ է ասված: Եվ այդուհանդերձ, չմոռանանք, որ գործ ունենք արդեն իսկ կատարված իրողության հետ:
Ինչ խոսք, որ այդ խաղի վերաբերյալ ամեն մեկն ունի իր կարծիքը և մասամբ մերը, եթե հասցրիք տեսնել, մի պահ առկայծեց վերևի տողերում: Սակայն ուզում եմ այստեղ անդրադառնալ գլխավոր դերակատարներից երկուսին ու դրանով խոսքի այս հատվածը փակել:
Դիեգո Սիմեոնե. «Դա աներևակայելի խաղ էր: Հրաշալի է, որ մենք նվաճեցինք հաղթավարը: Մեր խաղացողները վերջին մեկուկես տարվա առումով աներևակայելի բան արեցին: Տղաների սրտում այլևս վախ չկա ոչ մեկից: Հաղթող թիմերի բախտը, այսպես թե այնպես, բերում է, մեր բախտն էլ բերեց: Մենք ուզում էինք շահել այդ խաղը, և մեզ դա հաջողվեց: Հիմա մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին, եթե ուզում ենք զարգանալ, առաջ գնալ»:
Ժոզե Մոուրինյո. «Սա վատագույն մրցաշրջանն է իմ կարիերայում: Նախկինում երբեք չի եղել, որ ես չշահեի մրցաշրջանի ոչ մի կարևորագույն տիտղոս: Սուպերգավաթում հաղթանակը չափազանց քիչ է ինձ ու «Ռեալի» համար: Մենք պարտավոր էինք հաղթել հիմնական ժամանակում, սակայն դա մեզ չհաջողվեց անել: Մենք արժանի չէինք նման արդյունքի, սակայն խաղի հանգամանքները մոռացության են տրվում, պատմությանը մնում է միայն հաղթողը»:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Այն, որ տասնչորս տարվա դադարից հետո «Աթլետիկոն» հաղթեց «Ռեալին», արդեն ասել ենք: Սա, որքան էլ ընդհանրական վիճակագրություն է, նույնքան էլ սերտ կապ ունի կոնկրետ խաղի հետ: Այնպես որ, վերոհիշյալ հիշատակման մեջ ավելորդություն մի որոնեք: Արդ, դառնանք մյուսներին, որոնք խաղի բնույթի, լարվածության մասին ուղղակի խոսող փաստեր են:
Խփած գոլից զատ, «Ռեալը» ստացավ մրցակցի դարպասն առնվազն չորս-հինգ անգամ գրավելու հնարավորություն: Ի դժբախտություն իրենց, դրանցից երեքում գնդակը հանդիպեց դարպասաձողին:
Հանդիպման ընթացքում խաղի մրցավարը տասներկու անգամ դեղին, երկու անգամ կարմիր քարտ ցույց տվեց հանդիպման մասնակիցներին, ընդ որում, «ընծայած» դեղինների ու կարմիրների քանակով հանդիպման մրցավար Գոմեսը պահպանեց հավասարակշռությունը: Վերջինիս միակ կողմնակալությունը դրսևորվեց լոկ նրանում, որ, իր գործողություններին չափազանց բուռն արձագանքելու համար, խաղադաշտից հեռացրեց միայն Ժոզե Մոուրինյոն, թեպետ, հանուն ճշմարտության, Սիմեոնեն իրեն առանձնակի ավելորդություններ թույլ չտվեց:
Հարկավ, կարելի է ուրիշ վիճակագրական տվյալներ էլ հիշատակել, այդ թվում նաև, թե ֆուտբոլիստներից ով քանի կիլոմետր վազեց, ով քանի անգամ վայր ընկավ, ով քանի անգամ գլուխը կամ մարմնի մեկ այլ մասը քորեց, բայց դրանցից, հասկանում եք, ո՛չ խաղի հաշիվն է փոխվելու, ո՛չ «Ռեալի» սիրահարների տրամադրությունն է բարձրանալու, ո՛չ էլ մեզանում որևէ մեկի մտքով կանցնի համաշխարհային ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկնումեկի մարզաշապիկին Հայաստանի անունը գովազդել, ինչպես, մասնավորապես, «Աթլետիկոյի» առնչությամբ արել է մեր աշխարհագրական հարևանը: ՈՒ քանի որ, կրկնում եմ, այս կարգի հիշատակումներից ոչինչ չի փոխվելու, վերստին փաստենք «Աթլետիկոյի» հաջողությունն ու ցանկանանք լուսավոր ժամանակներ, երբ մեզանում էլ կունենանք նման բովանդակալից խաղ:
ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ՉԵԼՍԻ»
Վերջապես իրականություն դարձավ այն, ինչի մասին այսքան երկար ու ձիգ ամիսներ խոսում էին լրատվամիջոցները. Լոնդոնի «Չելսին» գլխավորելու համար Ժոզե Մոուրինյոն վերադառնում է Անգլիա, ինչի մասին ակումբի ֆուտբոլիստներին տեղեկացրել են Եվրոպայի լիգայի հաղթական եզրափակչից վերադառնալուց անմիջապես հետո: Փաստորեն, այլևս չկա չինֆորմացված և ոչ մի կողմ, քանզի պորտուգալացին այս մասին իրազեկել է նաև Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը:
Ինչպես վաղապես տեղեկացրել էր Daily Mail-ը, Մոուրինյոյի աշխատավարձն անգլիական ակումբում կկազմի տասը միլիոն ֆունտ ստեռլինգ: Ռոման Աբրամովիչը կփակի նաև իսպանական ակումբի հետ մարզչի ունեցած պայմանագրի (կնքված էր մինչև 2016 թ. հաշվարկով) վաղաժամկետ խզման փոխհատուցման ծախսերը: Գումարն այդ մոտ տասներկու միլիոն եվրո է:
Դառնալով «Ռեալը» ղեկավարելու ժամանակաշրջանին` պիտի փաստենք, որ այն պորտուգալացու մարզչական կարիերայում հաջողված չի կարելի համարել, քանզի արքայական ակումբի ղեկավարությունը, բնականաբար, նրան չէր հրավիրել «Ռեալին» «Բարսելոնի» ստվերում թողնելու, Չեմպիոնների լիգայում շոշափելիորեն ոչնչի չհասնելու համար: Սակայն, մյուս կողմից էլ, այնպես չէ, որ պորտուգալացին ակումբը թողեց առանց նվաճումների: Պարզապես, խնդիրն ակնկալվածի ու փաստացիի տարբերությունն է:
Մոուրինյոյի բաժանումն ակումբից, հարկավ, էապես ավելի տպավորիչ կլիներ, եթե երկրի ներքին առաջնությունում, ոսկե մեդալները զիջելու կողքին, թիմը գոնե հաջողեր Չեմպիոնների լիգայում, սակայն, ինչպես գիտեք, այդպես չեղավ: Դորտմունդի «Բորուսիան» այնպես չկանգնեց նրա ճանապարհին, որ Մոուրինյոյի նման պատվախնդիր մարդու ու մարզչի սիրտը չխոցեր, իսկ վերջին հարվածը եղավ արքայական գավաթի խաղարկությունում պարտությունը Մադրիդի «Աթլետիկոյից»: Այնպես որ, պորտուգալացուն չհաջողվեց պարզերես հեռանալ Մադրիդից, հեռանալ գլուխը բարձր, իսկ այդ հեռանալը ցավի հետքեր չի թողնի ո՛չ արքայական ակումբի մարզասերների, ո՛չ էլ թիմի տղաների սրտում, որոնց պորտուգալացին հաջողեցրեց նաև գժտեցնել իրար հետ:
Ինչևէ: Զուտ դիտողի տեսանկյունից մենք գտնելու կամ կորցնելու ոչինչ չունենք այս պատմության մեջ, այնպես որ, մի կողմ թողնենք իսպանական ֆուտբոլում Մոուրինյոյի ունեցած դերի քննարկումը, միայն հիշեցնենք, որ անգլիական «Չելսին» նրա մարզչական կարիերայում առաջին թիմն է, որը պորտուգալացի մասնագետը կգլխավորի երկրորդ անգամ: Առաջինը 2004-2007 թվերին էր: Այդ ժամանակ Ռոման Աբրամովիչի թիմը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկական անգամ` Անգլիայի գավաթի ու ֆուտբոլային լիգայի գավաթի հաղթող:
Թերևս, կարելի էր բավարարվել նաև այսքանով, սակայն Մոուրինյոյի նման առաջին մեծության մարզչի հեռանալը «Ռեալից» չի կարող իր տեղաշարժերը չբերել համաշխարհային ֆուտբոլում: Բնականաբար, արքայական ակումբը պիտի նրան համարժեք մարզիչ փնտրի: Դիցուք, եթե այդ մարդը ՊՍԺ-ի ներկայիս մարզիչն է լինելու (Կառլո Անչելոտին հնարավոր հիշատակվողների մեջ առաջիններից մեկն է, եթե ոչ առաջինը), ապա այս դեպքում Փարիզը պիտի գնա մեկ այլ հեղինակության որոնման ճանապարհով, ու այսպես, հայտնի չէ, թե շղթան որ թիմի մարզչի վրա կամբողջանա: Մի խոսքով, նոր մրցաշրջանը համաշխարհային ֆուտբոլի եվրոպական թևի համար սկսվում է լուրջ ինտրիգով, ու ոչինչ տարօրինակ չկա այն բանում, որ այդ ինտրիգը սերտորեն կապվում է Մոուրինյոյի անվան հետ: Ասված բան է` թախտից փախչես, բախտից էլ հո չես փախչի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ